Ստեղծեց Լուսինեն,
Խմբագրեց Արփինե Անդրեասյանը
Ստեղծեց Լուսինեն,
Խմբագրեց Արփինե Անդրեասյանը
Օրագրությունը կարող է լինել ինքնախնամքի օգտակար միջոց՝ արտահայտելու ու ավելի լավ հասկանալու մտքերն ու զգացմունքները, բարելավելու ինքնազգացողությունը։
Գտնենք այնպիսի հանգիստ տարածք, որտեղ կզգանք խաղաղություն և ազատություն։ Դա կարող է լինել մեր սենյակը, պատշգամբը, բնությունը, ցանկացած այլ հարմար տեղ: Երբ մեր շուրջը հանգիստ է, մենք ավելի հեշտությամբ կարող ենք սուզվել մեր մտքերի և զգացմունքների մեջ։
Թող որ օրագիրը լինի անձնական տարածք, որտեղ կարող ենք անկեղծ լինել մեր մտքերի ու զգացմունքների հետ։ Անկեղծությունն ու խոցելիությունը թույլ են տալիս բացահայտել մեր իսկական էությունը։ Այս մոտեցումը կօգնի մեզ բացահայտել մեր ներքին աշխարհը:
Գրենք այնպես, ինչպես կգրեինք սիրելիի կամ մտերիմ մարդու մասին՝ կարեկցանքով, սիրով ու ուշադրությամբ: Թողենք մտքերը հոսեն ազատ՝ առանց մտածելու շարադրանքի կամ ուղղագրության մասին։ Գրում ենք այնպես, ինչպես զգում ենք: Մեր նպատակն է բացահայտել, թե իսկապես ինչ կա մեր ներսում:
Գրառումներն անենք՝ կենտրոնանալով մեր զգացմունքների/հույզերի վրա և մտածելով՝ ինչն է առաջացրել այդ զգացմունքը/հույզը։ Փորձենք հասկանալ՝ ինչն է պատճառը, որ զգում ենք/զգացել ենք այդպես։ Երբ մենք հասկանում ենք մեր հույզերի պատճառը, մենք ավելի լավ կարող ենք հասկանալ ինքներս մեզ և, թե ինչպես ենք արձագանքում աշխարհին։
Օգտագործենք օրագիրը որպես «օրն ամփոփելու» միջոց, նույնիսկ եթե միայն հինգ րոպե ունենք դրա համար։ Կանոնավոր գրառումները կօգնեն վերլուծել մեր մտքերն ու հույզերը։
Փորձենք գրառման տարբեր ոճեր և ձևեր: Սա կխթանի մեր ստեղծագործականությունն ու թույլ կտա արտահայտվել նոր ու հետաքրքիր ձևերով, նոր բացահայտումներ անել ու գուցե գտնել այն ոճը/ոճերը, որը մեզ ամենից շատ է դուր գալիս և ցանկանում ենք պահպանել այն:
Յուրաքանչյուր գրառման ժամանակ կարող ենք սահմանել փոքր, կոնկրետ նպատակ։ Օրինակ՝ մտածել օրվա մասին, ուսումնասիրել մեր զգացմունքները կամ խորանալ որոշակի թեմայի շուրջ։ Սա կօգնի կենտրոնանալ: Նախքան գրելը, հարցնեք ինքներս մեզ՝ «Ի՞նչ նպատակով եմ գրում այս անգամ»։ Միգուցե ուզում ենք խորհել օրվա ընթացքում առաջացած մտքի մասին կամ մտածել այն մասին, թե ինչպես էինք զգում որոշակի իրավիճակում։ Սա մեր գրառումը դարձնում է ավելի նպատակաուղղված:
Ազատ գրառումը մեզ հնարավորություն կտա, որ մտքերը ազատ հոսեն՝ առանց սահմանված նպատակների կամ կառուցվածքի։ Մենք կարող ենք գրի առնել ցանկացած գաղափար, ինչն անցնում է մեր մտքով: Փորձենք պարզապես գրել այն, ինչ կա մեր մտքում։ Չկա սխալ կամ ճիշտ՝ պարզապես թողնենք բառերը հոսեն թղթի վրա: Հաճախ այս գրառման ոճը կարող է դառնալ ինքնաբացահայտման տարածք: